Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերություններում կարգավորման գործընթացի իմիտացիան ապահովելու համար պատվիրակության կազմում է ընդգրկել Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշին, Taraf պարբերականի նախկին գլխավոր խմբագիր եւ համակարգող Մարգար Եսայանին եւ տարիներ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյան-Ալփարսլան Թյուրքեշ հանդիպումը կազմակերպած Սամսոն Օզարարատին։
Թուրքական Hurriyet-ը, գրելով Դավութօղլուի պատվիրակության կազմում ընդգրկված Ռոբեր Քոփթաշի, Մարգար Եսայանի եւ Սամսոն Օզարարատի անունները՝ նշել է, թե նրանք պատվիրակության անակնկալ անուններն են։
Նշենք, որ Սամսոն Օզարարատը ծնվել է Թուրքիայի Քոնիա քաղաքում, այնուհետ տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ էլ որ ամուսնացել է։ Օզարարատը 1993-ին կազմակերպել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության լեգենդար առաջնորդ Ալփարսլան Թյուրքեշի փարիզյան հանդիպումը։
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին Երեւանում բողոքի ակցիաների ներքո մասնակցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության նիստին։




























