Մարդու իրավունքների պաշտպանի հետ կատարվում է հիմա այն, ինչ կատարվում էր ընդդիմության հետ ընտրություններին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ, «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ իշխանությունը, ունենալով ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն, որոնք օրենքով լիազորված են օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնել, բացահայտել հանցագործություններ, այդ ամենը չեն իրականացնում եւ ընդդիմությունից պահանջում են կեղծիքների վերաբերյալ ապացույցներ։ «Զեկույցում ներկայացրել է այն ամենը, ինչ բոլորը գիտեն, դա նորություն չէ, ընդամենը խիզախություն է ունեցել եւ որպես պաշտոնատար անձ՝ ներկայացրել է եւ հիմա բոլոր կողմերից հարձակումների է ենթարկվում»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Նա համաձայն չէր  Փաստաբանների պալատի նախագահի հետ, թե զեկույցի առաջին մասը, քանի որ փաստեր չկան, կարող է ոչ լուրջ լինել, իսկ երկրորդ մասը փաստագրված է եւ այդ մասն է շատ լուրջ։ «Ես կարծում եմ, որ առաջին մասն է շատ լուրջ, կոռուպցիան համակարգային է, իշխանության բոլոր թեւերը ախտահանված են չարիքով, Հայաստանում այսօր որեւէ մեկը իր արդար իրավունքների պաշտպանությունը դատարանից չի սպասում, որովհետեւ դատարանը ուղիղ հրահանգավորված, ուղիղ զանգերով որոշումներ է կայացնում, իմ աջակցությունն եմ հայտնում Մարդու իրավունքների պաշտպանին։ Տիկին Ալավերդյանը աշխատանքից հեռացավ Հյուսիսային պողոտայի բնակարաններից զրկված քաղաքացիների համար պայքարելու համար, Արմեն Հարությունյանը դարձավ Ռոբերտ Քոչարյանի վատագույն կադրը եւ ստիպված եղավ փոխել աշխատավայրը, նույնը, կարծեք թե, կատարվում է Կարեն Անդրեասյանի հետ: Երեւի թե այնքան բողոքներ են ստանում, որ նույնիսկ իշխանության ներկայացուցիչ լինելով՝ այլեւս չեն կարողանում դիմանալ։ Դատաիրավական համակարգը՝ որպես իշխանության երրորդ ճյուղ, մեծ նշանակություն ունի, նրա կայացման գործում ցանկացած քայլ միայն դրական գնահատականի է արժանի»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։