Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան գալու ճանապարհին օդանավում զրուցել է իրեն ուղեկցող լրագրողների հետ, որի ընթացքում հայտարարել է, թե իրենք երբեք չեն խրախուսել 1915-ի տեղահանությունը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին, ասել է, թե ժամանակին իթթիհադականների (երիտթուրքեր-խմբ) իրականացրած տեղահանությունը ճիշտ չի համարում եւ այն որպես անմարդկային է ընդունում։

Դավութօղլուն պնդել է, թե իրենք երբեք էլ չեն խրախուսել տեղահանությունը՝ շեշտելով, թե Թուրքիայում կա մի զանգված, որ պնդում է , թե հայերը արժանի էին դրան, քանի որ դավաճանել էին հայրենիքին։ «Դա մի կոլեկտիվ գիտակցություն է, որը պետք է կոտրել»,-ասել է Դավութօղլուն։

Անդրադառնալով Հայաստանի հետ սահմանի բացման խնդրին, Դավութօղլուն կրկին կարեւորել է Ղարաբաղի հարցի կարգավորումը՝ պնդելով, թե եթե սահմանը բացվի էլ, Հայաստան-Ադրբեջան հակամարտության վերսկսկման դեպքում այն անմիջապես փակվելու է, որի համար պետք է նախ լուծել այդ խնդիրը։