ՌԼԴԿ պատգամավորներ Յան Զելինսկիի եւ Ելենա Աֆանասեւայի օրենսդրական նախաձեռնությունը ոչ թե կհամախմբի ռուս ժողովրդին, այլ ավելի կպառակտի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Մուքանյանը:

«Պաշտոնական լրատվամիջոցները փոխանցում են, որ օրինագծով ռուսներին եւ Ռուսաստանում պայմանագրով աշխատող արտասահմանցիներին արգելվում է աշխատանքային ժամերին եւ աշխատավայրում շփվել օտար լեզվով: Նշեմ, որ Ռուսաստանում 190-ից ավելի ազգություն կա, եւ երբ դրանց ներկայացուցիչները մայրենի լեզվով են խոսում, ապա այն չի կարող օտար լեզու համարվել:

Իսկ եթե Ռուսաստանի տարածքում  պատգամավորներն այլազգիներին արգելեն սեփական լեզվով հաղորդակցվել անգամ կենցաղային շփման ընթացքում, ապա դրանով նոր  խթան կհաղորդեն անջատողականությանը»,- նշել է Մուքանյանը:

Նրա խոսքով՝ իրականում փոքրամասնության ներկայացուցիչը կարող է պատահաբար հանդիպել իր ազգի այլ ներկայացուցչի եւ մի քանի րոպե զրուցել մայրենի լեզվով՝ լինի նա հաճախորդ, թե գործընկեր: Եվ հանկարծ

 Դա համարվի հանցանք: «Պատկերացնո՞ւմ եք, թե դանդաղ գործողության ինչ ռումբ են պատրաստում այդ պատգամավորները: Թող մեր պատգամավորները պատկերացնեն, թե նման օրենք կարող է ընդունվել նաեւ Ուկրաինայում եւ այլ երկրներում, որտեղ ռուսալեզու բնակչությունը եւս օրենքից դուրս կհայտնվի»:

Հիշեցնենք, Պետդումայի ՌԼԴԿ  կուսակցության պատգամավորներ  Յան Զելինսկին եւ Ելենա Աֆանասեւան օրինագիծ էին ներկայացրել, որով առաջարկվում էր ռուսներին եւ արտասահմանցիներին արգելել աշխատանքային ժամերին եւ աշխատավայրում օտար լեզվով  հաղորդակցվելը:  Ի դեպ, ՌԼԴԿ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին քննադատել էր կուսակիցների ներկայացրած օրինագիծը: