Ճշտվել են դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության մանրամասները: Հայտնի է դարձել, որ միջադեպի արդյունքում ձերբակալվել է քրեական հեղինակություն Ռեզո Բուխնիկաշվիլին կամ Պեցոն:

Պեցոն կողոպտիչներից միակն էր, որը հրաձգության արդյունքում չի տուժել, քանի որ ակտիվորեն չի դիմակայել իրավապահներին: Բացի Բուխնիկաշվիլիից Կոմոսմոլսկի պողոտայում բնակարանի վրա հարձակմանը մասնակցել է եւս երեք մարդ, որոնք նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացիներ են: Նրանցից մեկը Հայաստանի քաղաքացի է: Նա սպանվել է հրաձգության ժամանակ, ենթադրաբար, հենց իր համախոհի կողմից, գրում է «Կոմսոմոլսկայա Պրավդան»:

Մինչ այդ, Բուխնիկաշվիլին վերջին անգամ ոստիկանության ուշադրության կենտրոնում է հայտնվել այս տարվա մարտին: Հայտնի է, որ նա կապված է եղել քրեական հեղինակություն Տարիել Օնիանիի հետ, որը քութաիսյան կլանի առաջնորդն է եւ ներկայումս բանտում է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի մայրաքաղաքում բնակարանի վրա ավազակային հարձակման ժամանակ ձերբակալել են Պեցո մականունով հայտնի «օրենքով գող» Ռեզո Բուխնիկաշվիլիին:  Դեպքի վայր ժամանած ոստիկանները հրաձգության են ենթարկվել, հարձակում գործողներից մեկը սպանվել է, երկուսը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Գործողության արդյունքում ոստիկանության երկու աշխատակիցներ վիրավորվել են: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ձերբակալվածները փորձել են կողոպտել բնակարանը:

Հատկանշական է, որ վրացին միակն է եղել, ով ակտիվորեն չի դիմակայել իրավապահներին:

Ոստիկանության տվյալներով՝ հարձակում գործող բոլոր անձինք տարբեր քաղքացիություն են ունեցել: Նրանցից մեկը Մերձմոսկվայի բնակիչ է, մյուսները Ռուսաստան են եկել Վրաստանից, Հայաստանից ու Տաջիկստանից: