Հայաստանի ԱԳ նախկին նախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վանդան Օսկանյանը դեկտեմբերի 11-13-ին Եվրոպայի պահպանողականների եւ բարեփոխիչների դաշինքի հրավերով գտնվում էր Եվրոպական խորհրդարանում:
Այս առնչությամբ Վարդան Օսկանյանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է.
«Այցի շրջանակում Վարդան Օսկանյանը հանդիպել է Դաշինքի նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Յան Զահրադիլի, Եվրոպական Միության Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրոնեստի նախագահող Միլան Քաբրնոխի, ինչպես նաեւ պատգամավորներ Չարլզ Թենեքի, Դանիել Հանանի եւ Մարտին Քալանանի հետ:
Վարդան Օսկանյանը հանդիպում է ունեցել նաեւ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոմաս Փորեբայի հետ, որի ներկայացրած Հայաստան-Եվրոպական Միություն հետագա ծրագրերի իրականացման վերաբերյալ բանաձեւը նույն օրերին ընդունվեց Եվրոպական խորհրդարանի կողմից:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ Պահպանողականների եւ բարեփոխիչների դաշինքի միջեւ հարաբերությունների եւ համագործակցության խորացման ու զարգացման, ինչպես նաեւ Հայաստան – Եվրոպական Միություն հետագա համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ հարցեր: Կարծիքներ են փոխանակվել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների, կովկասյան տարածաշրջանում գործընթացների, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ու ղարաբաղյան հարցի շուրջ»:





























