Ուկրաինան եւ Ռուսաստանը համաձայնագիր կստորագրեն երկու երկրների միջեւ առեւտրային հակասությունների մեծ մասի վերացման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը: 

Ըստ վարչապետի` համաձայնագիրը պաշտոնական ձեւակերպում կստանա դեկտեմբերի 17-ին Մոսկվայում, նախագահների մակարդակով: 

Համաձայնագիրը կվերացնի հակասությունները, այդ թվում նաեւ` մաքսային եւ ստանդարտավորման հարցերում, նշել է Ազարովը եւ հավելել, որ «կան մեծ ծրագրեր նավաշինության, ավիաշինության եւ այլ բնագավառներում, որոնց մասին կպայմանավորվեն նախագահները», հայտնում է «Ինտերֆաքսը»:

Վարչապետը նշել է, որ Կիեւը հասկանում է ՌԴ-ի շուկայի կարեւորությունն Ուկրաինայի տնտեսության համար:

«Կար մի ժամանակաշրջան, երբ մենք Ռուսաստանի հետ ունեինք 55 միլիարդ դոլարի ապրանքաշրջանառություն, եւ բնականաբար, դա մեզ հնարավորություն էր տալիս համագործակցության շատ ծրագրեր իրականացնել»,- ասել է Ազարովը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ նրա` Կիեւը ոչ մի րոպե չի ընդհատել ԵՄ-ի հետ բանակցային գործընթացը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Ազարովը հաստատել էր, որ ԵՄ-ի հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի դադարը կապված է երկրի տնտեսական դժվարությունների հետ: Բացի դրանից, նա Կիեւի ցուցարարներին մեղադրել էր, որ նրանց բողոքների պատճառով երկրում թոշակների եւ աշխատավարձերի ֆինանսավորումը դժվարացել է: