Աշտարակ - Երեւան ավտոճանապարհին անհայտ անձինք կանգնեցրել են Գոռ Ս.-ի մեքենան,  նրան ծեծել եւ նրա մեքենայից զենքեր են հայտնաբերել: Արագածոտնի մարզ մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ Գոռ Ս.-ն գտել, ապօրինի կերպով ձեռք է բերել ատրճանակներ եւ մարտական փամփուշտներ, պահել իրեն պատկանող ավտոմեքենայի սրահում: Այս տարվա հոկտեմբերի 19-ին, Աշտարակ - Երեւան ավտոճանապարհին անհայտ անձինք կանգնեցրել են նրա ավտոմեքենան, ծեծի ենթարկել նրան, այնուհետեւ զննության ժամանակ հայտնաբերել եւ առգրավել են զենք զինամթերքը:

Քրեական գործ է հարուցվել 235  հոդվածի  1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Սույն հոդվածը  պատժվում է կալանքով` առավելագույնը 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3  տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը դատարան է ստացվել դեկտեմբերի 11-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: