«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից առաջ Եվրամիությունը պաշտոնապես խոստացավ, որ եթե ընտրություններն անցնեն եվրոպական չափանիշներին համապատասխան, ԵՄ-ն կկազմակերպի դոնոր երկրների համաժողով՝ Հայաստանին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու համար։ Խոսքը մոտ 1,5 մլրդ եվրոյի մասին էր:
Ինչպես հայտնի է, եվրոպացի դիտորդների գնահատականի համաձայն՝ ընդհանուր առմամբ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կազմակերպվել եւ անցկացվել են պրոֆեսիոնալ կերպով եւ արդյունավետ։ Բայց, չնայած այս գնահատականին, այդ երկար սպասված համաժողովն այդպես էլ չի կայանում։ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արտգործնախարարությունից պարզել, թե երբ է տեղի ունենալու այդ համաժողովը, ինչ տեղեկություններ ունի ՀՀ ԱԳՆ-ն։
«Դոնորների կոնֆերանսը ՀՀ-ԵՄ համագործակցության ընդարձակ օրակարգի հարցերից մեկն է։ Մենք շարունակում ենք խորհրդակցությունները ԵՄ մեր գործընկերների հետ ՀՀ-ԵՄ համագործակցության ապագա հիմքերն ու ձեւաչափը նախանշելու ուղղությամբ։ Այս համատեքստում քննարկվելու են նաեւ Հայաստանի բարեփոխումների համար ԵՄ աջակցության հնարավոր գործիքները»,- նշեցին ԱԳՆ-ից։
Ասել է թե՝ ԵՄ-ն դեռ շարունակում է հետաձգել այդ համաժողովը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























