Վթարի է ենթարկվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ՄիԳ-31 կործանիչը:

Օդանավի երկու օդաչուներն էլ կարողացել են կատապուլտով  դուրս նետվել եւ ողջ են մնացել:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին` Ռուսաստանի Պրիմորյեի երկրամասի Օլենեւոդ ավանի շրջակայքում: Կործանիչը  մեկնել էր «Կնեւիչի» օդանավակայանից եւ վթարի ենթարկվել Վլադիվոստոկի հարեւանությամբ գտնվող Կենտրոնական Ուգլովայա ավիակայանից 26 կմ հեռավորության վրա: 

Կործանիչի ընկնելու պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը. ՄիԳ-31-ը թռիչք էր իրականացնում  վերանորոգման աշխատանքներից հետո, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՌԴ-ի ուժային կառույցների աղբյուրը:

Նշվում է, որ փրկարարները գտել են օդաչուներին եւ նրանց օդանավակայան են տանում: Օդանավի ընկնելու հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: