Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գեորգի Ուգուլավայի ուղեկցությամբ այցելել է Թբիլիսիի «Glass Work Georgia» ապակու գործարան:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, երկու քաղաքապետերին ներկայացնելով գործարանի աշխատանքային բնույթն ու ծավալը, գործարանի տնօրենն ընդգծել է, որ գործարանն այսօր հագեցած է արտադրության եւ լաբորատոր ժամանակակից սարքավորումներով ու տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն են ընձեռում շուկայում ներկայանալ բարձրորակ արտադրանքով ու առաջարկել արտադրանքի լայն տեսականի:
Տարոն Մարգարյանն ու Գեորգի Ուգուլավան շրջել են գործարանի արտադրամասերով, ծանոթացել արտադրության ընթացքին ու աշխատանքային պայմաններին:
Քաղաքապետերի գործարան կատարած այցը լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչներին Գեորգի Ուգուլավան հաղորդել է, որ այս գործարանն իր ուրույն լուման է բերում տնտեսության զարգացման հարցում, այդ թվում նաեւ շուրջ 100 աշխատատեղ ապահովելով քաղաքացիների համար:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ, լրագրողների խնդրանքով, ներկայացրել է երկու քաղաքների համագործակցության շրջանակում գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները: Երեւանի քաղաքապետը վստահեցրել է, որ Երեւանն այսօր բաց է ներդրումային առաջարկների քննարկման եւ կյանքի կոչման համար, ու հավելել, որ երկու քաղաքների համագործակցության ընդլայնման շրջանակում կքննարկվեն նաեւ Երեւանի եւ Թբիլիսիի գործարարների միջեւ փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները: Տարոն Մարգարյանը նաեւ հույս է հայտնել, որ երկուստեք ձեռնարկվող հստակ քայլերի արդյունքում հնարավոր կլինի այդ մասով եւս գրանցել շատ որոշակի հաջողություններ:





























