Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում է ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողությունն ու, անհրաժեշտության դեպքում, ձեռնարկվում են համապատասխան քայլեր: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հանձնարարել է առավել ուժեղացնել ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ իրականացվող հսկողությունը: Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվել դեկտեմբերի 20-ից՝ Ամանորին ընդառաջ,  առանձնացված տարածքներում գյուղմթերքի շուկաներ կազմակերպելու ուղղությամբ:

Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, 4 նմանատիպ շինությունների դեպքում իրականացվել են քանդման աշխատանքներ: Կարգազանցների նկատմամբ համապատասխան տույժեր են կիրառվել:

Անդրադառնալով մայրաքաղաքում տեղացած ձյան հետեւանքների վերացման աշխատանքներին՝ Կամո Արեյանը, փոխանցելով քաղաքապետի հանձնարարականը, նշել է, որ, չնայած բոլոր փողոցները հիմնականում մաքրված են եղել եւ ապահովվել է անցանելիություն, այնուամենայնիվ պետք է ուշադրության կենտրոնում պահել եւ ապահովել մայթերի, բակային տարածքների ու հետիոտների անցուդարձի համար կարեւոր նշանակություն ունեցող այլ տարածքների մաքրման աշխատանքները:

Հարակից տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման եւ ստանձնած պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված՝ զեկուցվել է,  որ ձնամաքրման աշխատանքները տնտեսվարողների կողմից ոչ պատշաճ կազմակերպելու համար նախորդ շաբաթ 300 վարչական արձանագրություն է կազմվել:  Հանձնարարվել է շարունակել խիստ հսկողությունը եւ ապահովել հարակից տարածքների, մասնավորապես մայթերի մաքրումը:

Արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետը զեկուցել է, որ հիմնականում  ավարտված են մայրաքաղաքի ամանորյա տոնական ձեւավորման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվող հեռախոսազանգերի արձագանքման ընթացքի հետ կապված՝ Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներում եւ վարչական շրջաններում համապատասխանաբար ստացվել է 186 եւ 156 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել է համապատասխան լուծում: