Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 16-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին, Ջեյմս Ուորլիքին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Վիենայում նոյեմբերի 19-ին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահների հանդիպման եւ Կիեւում դեկտեմբերի 4-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների համատեքստում զրույցի ընթացքում շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը առաջ մղելու վերաբերյալ:
Հայաստանի արտգործնախարարը համանախագահների ուշադրությունը հրավիրել է Տավուշի մարզի սահմանային գոտում ադրբեջանական կողմից արձակած կրակի հետեւանքով դեկտեմբերի 14-ին հայ զինծառայողի մահվան վրա:
Նախարարն ընդգծել է, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրների կողմից բազմիցս հնչող հրադադարի ամրապնդման անհրաժեշտության մասին կոչերին, հայ-ադրբեջանական սահմանին եւ Ադրբեջանի ու Արցախի միջեւ շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի մշտական խախտումների զոհ են դառնում ոչ միայն զինծառայողներ, այլեւ քաղաքացիական անձինք, գնդակոծվում են քաղաքացիական օբյեկտներ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել են, որ նման սադրանքները խոչընդոտում են խաղաղ կարգավորման ուղղությամբ համանախագահների եւ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:
Հանդիպմանը արծարծվել են հաջորդ տարեսկզբին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը:





























