Լոնդոնի ոստիկանությունն ավարտել է  Փարիզում 16 տարի առաջ արքայադուստր Դիանայի եւ նրա ուղեկցի` եգիպտացի միլիարդատիրոջ որդի Դոդի ալ Ֆայեդի մահվան  գործով նոր վկայությունների քննությունը: Սքոթլանդ յարդից հայտնում են, որ նրանց մահվանը բրիտանական հատուկ նշանակության զորքերի հանցակցության ոչ մի ապացույց չի հայտնաբերվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Լոնդոնի ոստիկանությունը:  

«Հնարավոր է` հատուկ նշանակության ջոկատի հանցակցության վերաբերյալ  մեկնաբանություններ եղել են:  Սակայն հավաստի ապացույցներ չկան, որ այդ վարկածը հիմնավոր է:  Այդպիսով` քրեական հետաքննությունը վերսկսելու հիմքեր չկան», հայտարարել է Լոնդոնի ոստիկանապետի օգնական Մարկ Ռոուլին: 

Նշենք, որ հարցման պատճառ էր դարձել 2013թ. օգոստոսին Sunday People թերթի հրապարակումը, որտեղ մասնավորապես ներկայացվել էին հատուկ նշանակության ջոկատի դիպուկահարի նախկին կնոջ ծնողների պնդումները:  Ըստ նրանց` դիպոիկահարն իր կնոջը պատմել էր, թե իբր ինքն է եղել 1997թ. արքայադուստր Դիանայի սպանության կազմակերպիչը: 

Բրիտանական գահաժառանգ արքայազն Չարլզի նախկին կին Դիանան զոհվել էր Փարիզում` ավտովթարից, իր ընկեր Դոդի ալ Ֆայեդի հետ:

Արքայադուստր Դիանայի մահը դավադրության տեսությունների բազմաթիվ ասեկոսեների տեղիք էր տվել։ Դոդի Մուհամեդ ալ Ֆայեդի հայրը կարծում է, որ վթարը բրիտանական հատուկ ծառայություններն էին կազմակերպել թագավորական ընտանիքի ցուցումով։  2008թ. Լոնդոնի բարձրագույն դատարանը հերքել էր այդ ենթադրությունները՝ եզրակացնելով, որ զույգը զոհվել է վարորդի անփութության պատճառով, որը գերազանցել էր արագությունը։ Բացի այդ, ուղեւորները, այդ թվում՝ Դիանան, անվտանգության գոտին չէին կապել։