Հայաստանում կլինեն ոչ թե արտահերթ, այլ հերթական ընտրություններ եւ ՄԱԿ կուսակցությունը կողմնակից է հերթական ընտրությունների: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՄԱԿ-ի ղեկավար Գուրգերն Արսենյանը:

Այնուհետեւ անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններին, նա ընդգծել է, որ դժգոհ է այդ հարաբերություններից եւ համարում է, որ առաջին քայլը պետք է անի իշխանությունը: «Դա ՀՀ նախագահի կողմից իր սահմանադրական իրավունքի կիրառումն է՝ համաներում հայտարարելու այն մարդկանց, ովքեր որ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում եւ ովքեր որ դատապարտվել են այն գործողությունների համար, որը իշխանությունները որակում են քրեական հանցագործություններ, սակայն իրենց մեջ ունեն նաեւ, ասենք, քաղաքական անհամաձայնության տարրեր»,- նշել է Գ. Արսենյանն ու հավելել, որ պետք է «ազատ արձակել այն մարդկանց, ովքեր որ համաձայն չեն եղել իշխանության գործողությունների հետ, չեն կիսել իշխանությունների տեսակետը եւ անհամաձայնության արդյունքում գտնվել են անազատության մեջ, թողնել, որ այդ մարդիկ իրենց գործունեությունը շարունակեն ազատության մեջ»:

Դրանից բացի, Արսենյանը որպես իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերությունների երկրորդ նախապայման համարում է իրար լսել կարողանալը, որպեսզի երկխոսություն ստացվի: Նրա ներկայացմամբ, պետք է այդ երկխոսությունը տեղափոխել հասարակական հարաբերությունների դաշտ, ոչ թե «կիսապատերազմական գործողության» տպավորություն ստեղծել:

ՄԱԿ-ի նախագահը նաեւ դրական է համարել այն, որ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշել է, որ ընդդիմությունն առաջնորդվելու է չվնասելու սկզբունքով: «Այսինքն տեսնում են, որ իրենց գործունեության որոշակի ընթացք, որոշակի բովանդակություն կարող է վնասել Հայաստանին, եւ ձեռնպահ են մնում այդպիսի գործողություններից: Այսինքն, նաեւ ապացուցում են այն միտքը, որ պետք է ունենալ պետական մտածելակերպ եւ առաջնորդվել պետական շահի սպասարկման սկզբունքով», ասել է նա: