Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ու փորձագետ Մեսրոպ Հարությունյանը այսօր հրապարակել են Հայաստանում խոսքի ազատության վիճակի վերաբերյալ եռամսյա զեկույցը՝ նշելով, որ եթե նախկինում տարեկան զեկույցներ էին լինում, այժմ դրանք լինելու են եռամսյակային կտրվածքով:
Ըստ այդմ, արձանագրվել է, որ ի տարբերություն 2009-ի 1-ին եռամսյակի, երբ արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք, 2010-ին գրանցվել է 5 դեպք: Բռնությունների դեպքերի ավելացումը, ըստ Մեսրոպ Հարությունյանի, պայմանավորված է նրանով, որ հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում ընտրություններ են տեղի ունեցել եւ քաղաքական վիճակը սրվել է եւ պատահական չէ, որ այդ բռնությունները տեղի են ունեցել հենց ընտրությունների ժամանակ:
Մ. Հարությունյանն ընդգծել է նաեւ, որ ըստ իրենց կողմից կատարված եռամսյա դիտարկումների, ավելացել են նաեւ լրատվամիջոցների նկատմամբ տնտեսական լծակների գործադրման դեպքերը: Որպես նման դեպքի վառ օրինակ նա մատնանշեց Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության հետ տեղի ունեցածը, երբ գովազդատու ընկերությունները միաձայն հրաժարվել էին այդ հեռուստաընկերությունում գովազդ տեղադրել, որի արդյունքում 26 գովազդատուներից մնացել էր միայն 3-ը: «Մենք կարծում ենք, որ սա օրինակ է այն բանի, որ գուցե հրահանգով կամ գուցե առանց դրա, տնտեսական լծակներ են գործադրվում հեռուստաընկերությանը ճնշելու համար», — ասաց նա եւ հավելեց. «Որոշ կայքերից, որոնք շատերի մեջ ընկալվում են որպես ընդդիմադիր կայքեր, կան տեղեկություններ այն մասին, որ գովազդատուները ոչ միայն հրաժարվում են իրենց մոտ գովազդ տեղադրել, այլեւ եղել է դեպք, երբ արդեն տեղադրված գովազդը չեղյալ է հայտարարվել ու գովազդ չի տեղադրվել: Նման ձևով պետությունը և նրան սերտաճած բիզնեսը տնտեսական լծակների օգնությամբ փորձում է ճնշել անցանկալի լրատվամիջոցներին»:



























