Հայաստանի պետեկամուտների կոմիտեն հերքել է Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության մեղադրանքները՝ նշելով, որ հեռուստաընկերության ներկրած սարքավորումների մաքսային ձեւակերպումների կասեցումն անհիմն չէ, քանի որ ընկերությունն ունի չմարված հարկային պարտավորություններ:
ՊԵԿ մամուլի ծառայությունից NEWS,.am-ին հայտնում են, որ «Չափ» ՍՊԸ-ի (ԳԱԼԱ հեռուստաընկերություն) կողմից ներկրված տեխնիկասարքավորումների մաքսազերծման առնչությամբ մի շարք լրատվամիջոցներում տարածված այն տեղեկատվությունը, թե մաքսազերծման գործընթացն արհեստականորեն եւ անհիմն է ձգձգվում, չի համապատասխանում իրականությանը:
Հիշյալ ընկերության կողմից ներկրված ապրանքի մաքսային ձեւակերպումների գործընթացը կասեցվել է, քանի որ Գյումրու ՏՀՏ-ի գրության համաձայն` ընկերությունն ունի 822 հազար 803 դրամի չմարված հարկային պարտավորություն: Կասեցման պատճառի մասին Շիրակի տարաշրջանային մաքսատան պետ Կ. Մանուկյանը օրենքով սահմանված ժամկետներում տեղեկացրել է ընկերության ղեկավարությանը:
Լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունում խեղաթյուրված է նաեւ գործընթացի ժամանակահատվածը: Մարտի 29-ին ընկերության լիազորված անձը ՀՀ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչություն դիմում է ներկայացրել մարտի 26-ով թվագրված փոխադրման ամփոփագրով ռադիոտեխնիկական սարքավորումների նախնական զննում կատարելու մասին, մինչդեռ «Չափ» ընկերության գործադիր տնօրենը ապրիլի մեկին դիմել է Գյումրու մաքսատան պետին, իբրեւ թե մարտի 22-ից սկսված մաքսազերծման գործընթացի կասեցման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար:




























