Ժնեւում` Առեւտրի համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում (ԱՀԿ), ապրիլի 8-ին տեղի է ունեցել ԱՀԿ քարտուղարության կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության առեւտրային քաղաքականության վերաքննության (ԱՔՎ Trade Policy Review — TPR) մարմնի դեռ երեքշաբթի օրը սկսված առաջին լիագումար նիստի ամփոփիչ նիստը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը նախագահել է ԱՀԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Բոզկուրտ Արանը: Նախագահողի ողջույնի խոսքից հետո ՀՀ պատվիրակության ղեկավար` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մ. Թումասյանը անդրադարձել է ԱՀԿ անդամ երկրների կողմից բարձրացված մի շարք հարցերի պատասխաններին, ինչպես նաեւ ներկայացրել է երկրում իրականացվող բարեփոխումները եւ հետճգնաժամային փուլում տնտեսության զարգացմանն ուղղված նախաձեռնություններն ու քաղաքականությունները:
Ամփոփիչ ելույթներով հանդես են եկել նաեւ Հայաստանի հարցով ԱՔՎ համազեկուցող Ֆինլանդիայի դեսպան Վաարանմանը, ԱՄՆ, ԵՄ, Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Բրազիլիայի, Արգենտինայի եւ Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարները: Ելույթներում նշվել է, որ Հայաստանը կարող է համարվել ԱՀԿ անդամ օրինակելի երկիր, անդրադարձ է եղել հարկային եւ մաքսային քաղաքականության, հեղինակային իրավունքների պաշտպանության, բուսասանիտարական եւ այլ խնդիրների:
Քննարկումների արդյունքում ԱՀԿ անդամ երկրներն ընդունել են ՀՀ առաջին Առեւտրային քաղաքականության վերաքննության զեկույցները, որոնք կհրապարակվեն անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներով առաջիկա ամսվա ավարտին:




























