ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի վարչությունում հարուցվել է քրեական գործ` Լոռու մարզի Սարչապետ համայնքի ջրարբիացման համակարգի վերականգնման աշխատանքներում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ:
Հայաստանի գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի եւ ֆինանսական վերահսկողության վարչությունից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ «Մոնտաժտրանսշին» ՍՊ ընկերության միջեւ 2008թ. մարտի 31-ին ստորագրված պայմանագրի հիման վրա վերջինս ստանձնել է Լոռու մարզի Սարչապետ գյուղի ջրարբիացման համակարգի վերականգնման աշխատանքների իրականացումը:
Աշխատանքների կատարման ընթացքում «Մոնտաժտրանսշին» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Սեդրակյանը կատարողական ակտերում կեղծ տվյալներ է ներառել: Մասնավորապես` որպես կատարված աշխատանք է ներկայացրել իրականում չկառուցված 2138 գծամետր ջրագիծը եւ այլ աշխատանքներ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 17 մլն 151 հազար դրամ եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ստացել եւ խաբեությամբ հափշտակել է հավելագրված նշված գումարը:
«Մոնտաժտրանսշին» ՍՊ ընկերության կողմից կատարվող աշխատանքների նկատմամբ հսկողություն իրականացնող «Աստիճան» ՍՊ ընկերության տեխնիկական հսկիչ Վ. Առաքելյանը ստորագրել ու հաստատել է կապալառուի կեղծ կատարողական ակտերը: Իսկ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հողերի օգտագործման եւ մելիորացիայի վարչության պետ Վ. Հովհաննիսյանը շինարարական աշխատանքների նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացրել եւ չկատարված աշխատանքների վերաբերյալ կեղծ կատարողական ակտերն ընդունել ու դրական եզրակացությամբ ներկայացրել է վճարման:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:



























