«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու երվանդ Վարոսյանը այսօր՝ ապրիլի 8-ին դիմել են Հայաստանի Վճռաբեկ դատարանին՝ խնդրելով լիովին արդարացնել ընդդիմադիր գործչին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը քրեորեն հետապնդելի որեւէ արարք չի կատարել եւ խնդրում ենք Վճռաբեկ դատարանից կարճել քրեական գործի վարույթը՝ նրա գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով»:

Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հունվարի 19-ին 7 տարվա ազատազրկման էր դատապարտել Նիկոլ Փաշինյանին՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, իսկ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ էր թողել վճիռը՝ միայն համաներում կիրառելով եւ մասամբ կրճատելով պատժաչափը: