Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան գրասենյակը շուտով հրապարակելու է իր զեկույցը, որտեղ 2010 թվականի համար կանխատեսում է, որ Հայաստանում կգրանցվի 1,8 տոկոս տնտեսական աճ, 6,2 տոկոս գնաճ: Այս մասին այսօր` ապրլի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՀ հայաստանյան ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան: Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին պարտքին, նա տեսակետ հայտնեց, որ այն նշանակալիորեն աել է եւ դեռ աճելու է առաջիկա տարիներին: Ըստ նրա, միայն 2012 թվականից արտաքին պարտզը տնտեսության մեջ ունեցած իր կշռով կսկսի նվազել: Այդուհանդերձ, ԱՄՀ ներկայացուցիչն ասաց, որ արտաքին պարտքը բավականին կայուն կլինի, եթե իրենց նշած հիմնական պարամետրերը կատարվեն:

Այնուհետեւ անդրադառնալով տնտեսական աճի 1,8 տոկոս ցուցանիշին, Տոլոսան ընդգծեց, որ այդ կանխատեսումն արվել է փետրվար ամսին, նոր կանխատեսում արվելու է մայիսին եւ հնարավոր է, որ այդ թիվը փոփոխվի, հաշվի առնելով, որ համաշխարհային տնտեսթության մեջ տեղի ունեցող փոփոխությունները: