ՌԴ խորհրդարանի պատգամավոր, ՌԼԴԿ անդամ Ռոման Խուդյակովն օրինագիծ է ներկայացրել, որում առաջարկում է Ռուսաստանում ահաբեկչության, մանկապղծության, թմրամոլության դրդելու եւ մարդկանց զանգվածային մահվան հանգեցրած ավտովթարների համար մահապատիժ սահմանել։
Մասնավորապես, մանկապղծության համար մահապատիժն առաջարկվում է այն պատճառով, որ Ռուսաստանն աշխարհում մանկապիղծների թվով առաջատարն է։
Զանգվածային մահվան հանգեցրած ավտովթարների դեպքում պատիժը նախատեսվում է հետեւյալ դեպքերում. կարգավարների սխալ, մեքենագործների անփութություն, տրանսպորտային միջոցների մաշվածություն, տրանսպորտային միջոցների ղեկավարման սխալներ, վարորդների սխալներ եւ այլն։
Թմրամոլության դրդել ասելով նկատի են առնվում թմրանյութերի օգտագործման ցանկություն առաջացնելուն ուղղված կանխամտածված գործողությունները։
Նշվում է, որ խստագույն պատժից չեն կարող խուսափել 16 տարեկանը լրացած անձինք, կանայք եւ արտասահմանյան քաղաքացիները։
Միաժամանակ, դատական սխալներից խուսափելու համար առաջարկվում է մեղադրյալներին դատավճռի բողոքարկման համար հնգամյա ժամկետ հատկացնել։
Նշենք, Ռուսաստանում 1999թ. մահապատիժը փոխարինվել էր 5-25 տարվա ազատազրկմամբ։





























