Ամանորին ընդառաջ, գյուղատնտեսական մթերքների շուկաների կամակերպման եւ գործարկման շրջանակում, ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, Երեւանի Կոմիտասի պողոտայի եւ Կասյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաեւ «Մալիբու» սրճարանի հարեւանությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների շուկանները, դեկտեմբերի 29-ը  ներառյալ, գործելու են ամեն օր:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի հետ շրջել եւ ծանոթացել է շուկայի պայմաններին: Զրուցելով  գյուղմթերք վաճառողների, նաեւ գնորդների հետ՝ Դավիթ Օհանյանը քաղաքապետի անունից վստահեցրել է, որ նոր վայրերում շուկաների տեղակայման հետ կապված առաջարկներ լինելու պարագայում կառանձնացվեն նոր այլ տարածքներ:

«Ծրագիրն իրականացվում է արդեն մի քանի տարի, եւ վստահաբար կարելի է ասել, որ հաջողված է:  Այն  շահավետ է ինչպես երեւանցիների, այնպես էլ գյուղացիների համար, քանի որ ապրանք արտադրողներն իրենք են վաճառում արտադրանքը, ուստի՝ գները գոյանում են սակարկություններով: Գներն այստեղ համեմատաբար մատչելի են: Երեւանի քաղաքապետարանը լիազորությունների շրջանակում անելու է հնարավորը, որ ապահովի ծրագրի շարունակականությունը: Եթե լինեն այլ առաջարկներ եւ նոր պահանջարկ գյուղմթերքի նման շուկաներ կազմակերպելու համար, ապա կհատկացվեն այլ տարածքներ եւս»,-նշել է Դավիթ Օհանյանը, հավելելով, որ իր ամանորյա տոնական գնումների մի մասը եւս առաջիկայում պատրաստվում է  կատարել հենց գյուղմթերքի տանավաճառներից:

Գնորդներն ու գյուղմթերք արտադրողներն իրենց գոհունակությունն են հայտնել՝ ընդգծելով պայմանների հարմարավետությունն ու գների սակարկելիության հնարավորությունը: