Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը խիստ նկատողություններ է հայտարարել երկրի կենտրոնական բանկի կառավարման խորհրդի նախագահին եւ երկու ֆինանսավարկային հաստատությունների ղեկավարներին: Այդ մասին հաղորդում է «Թուրքմենստան. ոսկե դար» պարբերականը:

Պետության ղեկավարը քննադատել է թուրքմեն բանկիրներին՝ դրամական միջոցների աննպատակ օգտագործման համար:

Մասնավորապես Բերդիմուհամեդովը նշել է «մեծ չափով դրամական պարգեւատրությունների հատկացման մասին բանկերի ղեկավարներին եւ նրանց տեղակալներին»:

Ազգային օրենսդրության համաձայն՝ բանկերի տնօրենների աշխատանքի գնահատականը, նրանց խրախուսումը կամ քննադատությունը, երկրի նախարարների կաբինետի իրավասությունն է, նշել է նախագահը Թուրքմենստանի կառավարության ընդլայնված նիստում:

Բերդիմուհամեդովը տասը հրամանագիր է ստորագրել նկատողությունների վերաբերյալ եւ պահանջել է բանկիրներից վերադարձնել նախկինում ստացած պարգեւատրումները:

Բացի այդ նկատողության է արժանացել Կենտրոնական բանկի նախագահ Թուվակմամետ Ջապարովին, «Թուրքմենստան» բանկի, Զարգացման պետական բանկի, «Հալկբանկի», «Դայհանբանկի», «Թուրքմենբաշի» բանկի ղեկավարներին եւ այլոց:

Նշենք, որ Թուրքմենստանում գրեթե բոլոր բանկերը պետական են: Բացառություն է կազմում «Ռիսգալ» մասնավոր բանկը, որը ստեղծվել է երկրի Արդյունաբերողների եւ ձեռներեցների միության հովանու ներքո: