Սիրիայի հակամարտությունը չի ավարտվի «Ժնեւ-2» կոնֆերանսով, որը կայանալու է 2014թ հունվարի 21-ին։ Այս մասին դեկտեմբերի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը։

«Հակամարտությունը 2014թ. էլ կշարունակվի, ու վտանգ կա, որ տարաձայնությունները կարող են առավել սուր ազգային-կրոնական բնույթ ստանալ։ Սա սպառնալիքի տակ է դնում Սիրիայի ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ հայ համայնքի անվտանգությունը», - նշել է Սարգիս Գրիգորյանը։

Անդրադառնալով Սիրիայի հայ համայնքի վիճակին՝ արաբագետը նշել է, որ Հալեպ քաղաքի հյուսիսային շրջաններում ռազմական գործողությունները շարունակվում են։ «Այս շրջաններում շատ վտանգավոր  իսլամական արմատական խմբավորումներ են գործում, որոնց մեջ շատ են կովկասցիները, այդ թվում՝ ադրբեջանցիներն ու թուրքերը։ Այս տեսանկյունից նրանց ակտիվությունը միանշանակ վտանգ է ստեղծում հայկական կողմի համար», - մտահոգություն է հայտնել Սարգիս Գրիգորյանը։