Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է իրավական տեսանկյունից ուսումնասիրել գետերի վրա ջրամբարներ կառուցելու Թուրքիայի միակողմանի որոշումը:

Նա ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Միջազգային համեմատական իրավունքի հայկական անդրանիկ տարեգրքի, www.karabakhfacts.com տեղեկատվական կայքի շնորհադեսին եւ ամենամյա-գիտաժողով քննարկմանը՝ նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության իրավական հիմնախնդիրներին:

Տիգրան Սարգսյանը ողջունել է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի կողմից նշված աշխատանքների իրականացումը եւ կարեւորել միջազգային իրավունքի տեսակետից մեր երկրին առնչվող տարբեր հիմնախնդիրների ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացումը: 

«Այս խնդիրն առավել արդիական է մեզ համար, եթե հաշվի առնենք այն մարտահրավերները, որոնց առջեւ կանգնած է մեր երիտասարդ պետությունը: Այսօր միայն Լեռնային Ղարաբաղի հարցը չէ, որ պետք է գտնվի համեմատական իրավունքի տեսակետից, քանի որ այսօր առնչվում ենք բազմաթիվ այլ հարցերի եւս: Այսօր կարեւոր է նաեւ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, հաշվի առնելով, որ այդ ռեսուրսների մի զգալի մասը ձեւավորվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Այդ երկրի կառավարությունը միակողմանիորեն որոշում է ընդունել, մասնավորապես, 20 մլրդ դոլար է հատկացրել Արարատյան դաշտավայրում ձեւավորվող ջրային պաշարների վրա մեծ ազդեցություն ունեցող գետերի վրա ջրամբարների կառուցման համար: Ըստ մասնագետների՝ տարիներ հետո լրջագույն խնդիր ենք ունենալու Արարատյան դաշտավայրում ոռոգման համակարգերի հետ կապված»,- ասել է ՀՀ վարչապետը:

Այդ առումով, Տիգրան Սարգսյանի խոսքով, կան որոշակի իրավական հիմքեր, որոնք հնարավորություն պետք է ընձեռեն, որպեսզի Հայաստանը պաշտպանի իր ազգային շահերը: Մասնավորապես, վարչապետի դիտարկմամբ. պետք է բացահայտել միջազգային պայմանագրեր, կոնվենցիաներ, փաստաթղթեր, որոնք  հնարավորություն կտան միջազգային ատյաններում պաշտպանել մեր շահերը: Կառավարության ղեկավարի տեղեկացվամբ՝ հիշատակվում են նաեւ պայմանագրեր, որոնք կնքվել են դեռեւս Խորհրդային միության տարիներին:

«Երկրորդ խնդիրը, որը նույնպես գտնվում է իրավաբանական հետազոտությունների ոլորտում,  ատոմային նոր էներգաբլոկի կառուցումն է, որի շուրջ պարտավոր ենք հաշվի առնել հարեւան պետությունների դիտարկումները` մինչ շինարարական աշխատանքների սկիզբը: Մասնավորապես, պետք է լուրջ իրավաբանական սպասարկում, որպեսզի հետագայում խոչընդոտներ չունենանք նոր բլոկի կառուցման գործում»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով՝ նմանատիպ խնդիրները, որոնք ունեն տարածաշրջանային նշանակություն՝ բազմազան են: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ լուրջ ուսումնասիրության առարկա պետք է հանդիսանա նաեւ հարեւան պետության կողմից սպառազինության բնագավառում միջազգային պարտավորությունների խախտման հարցը:

Տիգրան Սարգսյանը ողջունել է երիտասարդ հետազոտողների գործունեությունը եւ կոչ արել շարունակել այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները;  

Միջազգային համեմատական իրավունքի հայկական անդրանիկ տարեգրքում ներկայացված են այդ բնավագառում Հայաստանին առնչվող հիմնախդիրների իրավական ասպեկտները, իսկ www.karabakhfacts.com տեղեկատվական կայքը հնարավորություն կտա բոլորին օբյեկտիվորեն ծանոթանալ ԼՂ հիմնախնդրին: