Հայաստանի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ սկսված կապանցիների  երթն արտոնված չէ, քանի որ երթից առաջ չեն դիմել քաղաքապետարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը:

Նշենք, որ կապանցիները երթով շարժվելու են Սյունիքի մարզպետարանի կենտրոնական հրապարակ: Քաղաքապետը նշեց, որ մի քանի անգամ առիթ ունեցել է քաղաքացիների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների հետ խոսելու այդ թեմայի շուրջ: Հարցին, թե պատրաստվո՞ւմ է այսօր հանդիպել նրանց հետ, Աշոտ Հայրապետյանը պատասխանեց. «Նրանք ինձ հանդիպելու հարցով չեն դիմել: Իսկ մինչ այդ որ հանդիպել ենք, մարդկանց մեջ կա որոշակի մտահոգություն կուտակային տարբերակի վերաբերյալ: Օրենքի պահանջների համաձայն այդ օրենքը 1974թ-ից հետո ծնված մարդկանց է վերաբերում, այսինքն` հիմնականում երիտասարդներին եւ դժգոհությունը մեծ է երիտասարդների շրջանում»:

Դիտարկմանը, թե եթե երթը արտոնված չէ, հնարավո՞ր է ուժով ցրեն, նա արձագանքեց. «Ոչ, ինչի մասին է խոսքը»: