ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը չի մասնակցել ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված գազի համաձայնագրի դեմ դեկտեմբերի 20-ին ԱԺ-ի առջև կազմակերպված բողոքի ակցիային, քանի որ իրենց նախապես չէին հրավիրել և իրենց հետ չէին համաձայնեցրել:
Այս մասին NEWS.am-ին ասաց միության վարչության պետ Գերասիմ Վարդանյանը. «Մենք մասնակցում ենք միայն այն երթերին, որոնք նախապես պլանավորվում են, հստակեցվում են բոլոր գործողությունները: Տեղում եթե պետք է որոշվի` ինչ պիտի արվի կամ ինչ ուժեր են դա կազմակերպում, բնականաբար, մենք չենք կարող դրան մասնակցել»:
Դեկտեմբերի 23-ին քաղաքացիական ակտիվիստները նորից հավաքվելու են ԱԺ-ի մոտ. «Նիկոլ Աղբալյան» միությունը դեռ քննարկում է` մասնակցելու են այդ ակցիային, թե ոչ. «Մենք, իհարկե, դեմ ենք գազի պայմանագրին, դեռ պետք է քննարկենք` ինչ կարող ենք անել այս դեպքում: Եթե պետք եղավ փողոց իջնել, փողոց էլ ենք իջնելու: Կախված է իրավիճակից՝ ինչ հնարավորություն կա իրավիճակը փոխելու»:
Հիշեցնենք, որ նախօրեին կայացած ակցիայից հետո ակտիվիստները մեղադրում էին ՀՅԴ ուսանողական միությանը` բողոքի ցույցին չմասնակցելու համար:





























