Արարատի մարզի Հնաբերդ գյուղի գյուղապետ Մարատ Պողոսյանը ահաբեկում է դպրոցի ուսուցիչներին NEWS.am-ին տված այն տեղեկության համար, որ դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված Վարսիկ Եղիազարյանը գյուղապետի սիրուհին է:

Այս մասին NEWS.am-ին ասաց դպրոցի ուսուցիչներից մեկը` խնդրելով իր անունը չհրապարակել: «Երեկվանից սաղ դասատուներին հերթով զանգել ու վախացրել ա: Մի ուսուցչուհու ասել ա. երկու տղա ունես, չես վախենո՞ւմ»:

Հիշեցնենք, որ ուսուցիչները մեզ հետ զրույցում ասել էին, որ դպրոցի նախկին տնօրեն Անժելա Մեջլումյանին հեռացրել են «գյուղապետի և փոխմարզպետի կազմակերպած բանսարկության արդյունքում» և դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակել հարևան Այգեստան գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Վարսիկ Եղիազարյանին, որը, ըստ իրենց տեղեկությունների` գյուղապետի սիրուհին է. «Վարսիկ Եղիազարյանին երկու տարի առաջ էին ուզում նշանակել Այգեստանի դպրոցի տնօրեն, բայց չկարողացան, որովհետև մյուս թեկնածուն ավելի թափով էր»:

Ուսուցչի խոսքով` գյուղում շատերը գիտեն, որ Վարսիկը գյուղապետի սիրուհին է. «Վարսիկի մարդն արդեն 10 տարի թողել գնացել ա Ռուսաստան նրա դարդից»:

Հնաբերդի դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու բարձր դասարանցիներն ուրբաթ օրվանից դասի չեն գնում, երկուշաբթի օրվանից էլ վերսկսելու են դասադուլը. «Երեխեքին ասացինք, որ մեզ չմիանան, բայց երեխեքը երեկ մեր հետ մարզպետարան եկան»:

Մարզպետարանում ուսուցիչներին և աշակերտներին խոստացել են պատասխան տալ դեկտեմբերի 23-ին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին խմբագրություն էին զանգահարել Հնաբերդի դպրոցի ուսուցիչներից մեկը, որը խնդրել էր չհրապարակել իր անունը, և հայտնել էր, որ դպրոցի տնօրեն Անժելա Մեջլումյանին աշխատանքից անհիմն հեռացրել են և դպրոցի տնօրենի պաշտոնակատար են նշանակել Վարսիկ Եղիազարյանին, որը ուսուցչի խոսքով՝ գյուղապետ Պողոսյան Մարատի սիրուհին է։ Ավելի ուշ NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետը այս տեղեկությունը հերքել էր: