Երեւանի «Զվարթոնց» օդանավակայանում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մեկնարկել է «Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների եւ ծրագրավորման մրցույթ-փառատոնը: Մասնակից թիմերը՝ կազմված ծրագրավորողներից եւ ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն եւ ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարները եւ առաջարկվող ծրագրի հավելվածի նախատիպը (ցուցադրական տարբերակը):

Տիգրան Սարգսյանն այցելել է օդանավակայան՝ զրուցել թիմերի մասնակիցների հետ եւ ծանոթացել նրանց նորարական գաղափարներին ու նախագծերին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման մրցույթի անցկացման նախաձեռնությունը: Վարչապետի խոսքով՝ այն կնպաստի, որպեսզի երիտասարդները հետաքրքրվեն տեղեկատվական տեխնոլոգիաներով, որովհետեւ այդ ոլորտում մասնագետների նկատմամբ պահանջարկը տարեցտարի կտրուկ աճում է: «Մեր երկրում այս բնագավառում վերջին տարիների ընթացքում ապահովվում է կայուն աճ եւ տարածաշրջանում մենք զբաղեցնում ենք առաջատար դիրքեր»,- լրագրողների հետ զրույցում նշել է Տիգրան Սարգսյանը:

Մրցույթի մասնակիցները կարող են ոչ միայն կյանքի կոչել իրենց գաղափարը, ստեղծել հավելված, որը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլեւ փորձարկել խնդիր լուծելու իրենց կարողությունները, փորձել իրագործել տարբեր գաղափարներ, ինչպես նաեւ ստանալ մրցանակներ, համագործակցության եւ ներդրումների լայն հնարավորություն:

Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան եւ միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն:

Այս տարի «Հեքըթոն[ՅԱՆ]»-ը կրում է «Թռիչք» խորագիրը, քանի որ այն հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների եւ թիմերի հենց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը:

«Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013» նորարար գաղափարների եւ ծրագրավորման ամենամյա մրցույթը նախաձեռնել են Հայաստանի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը, Հանրային լրագրութան ակումբը, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ «Մայքրոսոֆթ» ընկերության, «Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի հետ համագործակցությամբ:

Նշենք, որ Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձեւաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առաջարկել առկա խնդիրների արդյունավետ լուծումներ: