Այսօր հերթական միջադեպն է գրանցվել Հայաստանի Սահմանադրական դատարանի մոտ: Ոստիկանությունը ուժ է կիրառել ընդդիմության բողոքի գործողության մասնակիցների նկատմամբ:

Վերջիններս ՍԴ էին եկել՝ պահանջելու, որ դատարանն արդարացի որոշում կայացնի «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի բողոքի գործով: Ընդդիմադիր գործիչը, որն այժմ ազատազրկման մեջ է, պահանջում է չեղյալ հայտարարել հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում կայացած ընտրությունները:

Ոստիկանները պահանջել են ակցիայի մասնակիցներից լքել ՍԴ-ի տարածքը, եւ մերժում ստանալով ուժով հրել են ընդդիմադիրներին դեպի հակառակ մայթը: Իրանահայ Վարդգես Գասպարին պառկել է գետնին եւ արգելել ոստիկաններին իր ձեռքից խլել Փաշինյանի նկարով ցուցապաստառը:

Իսկ Սահմանադրական դատարանը կրկին մերժել է Նիկոլ Փաշինյանի պահանջը՝ իր բողոքի քննությունը վարել իր մասնակցությամբ, ինչից հետո Փաշինյանի պաշտպաններ Վահե Գրիգորյանն ու Վահե Հովսեփյանը ստիպված են եղել հրաժարվել իրենց պաշտպանյալից՝ պատճառաբանելով, որ իրավունք չունեն մասնակցել հակաօրինական դատավարությանը եւ դեմ գնալ իրենց վստահորդի շահերին:

Փաստաբանների քայլից հետո Սահմանադրական դատարանն անորոշ ժամանակով ընդմիջում է հայտարարել: