Ա րցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ ապրիլի 9-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում շինարարական աշխատանքներին եւ քաղաքաշինության ոլորտին վերաբերող խնդիրներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ բնագավառը հանդիսանում է մեր պետության սոցիալ-տնտեսական առաջընթացի կարեւորագույն ուղղություններից մեկը, որի զարգացումը դրական է ազդում տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի վրա:

Բակո Սահակյանը դրական է գնահատել շինարարության ծավալների աճի տեմպերը` այն համարելով ոլորտի զարգացման եւ նրա հանդեպ պետության ուշադրության լավագույն չափանիշներց մեկը: Միեւնույն ժամանակ նախագահը նշել է, որ ոլորտում առկա են մի շարք երեւույթներ, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում նրա դինամիկ զարգացման համար: Երկրի ղեկավարը հատկապես նշել է իրականացվող աշխատանքների որակի բարձրացման անհրաժեշտությունը, միաժամանակ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով աշխատավարձերի վճարման գործընթացը, գործատուների կողմից շինարարական աշխատանքների շահույթի համաչափ տնօրինումը:

Այս խնդիրների օպերատիվ կարգավորման ուղղությամբ Բակո Սահակյանը համապատասխան հանձնարարականներ է տվել կառավարությանը եւ քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներին` նշելով, որ այդ գործընթացը կլինի իր անմիջական վերահսկողության ներքո:

Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, կառավարության անդամներ, շինարարական կազմակերպությունների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք: