Պատերազմի վտանգը միշտ եղել է, կա ու կլինի, քանի դեռ տարածաշրջանում խաղաղություն չի հաստատվել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ՝ միաժամանակ նշելով, որ մոտալուտ պատերազմի վտանգ չի տեսնում:
«Մեր բանակը մարտունակ է, եւ եթե Աստված մի արասցե նման բան լինի, մենք հանկարծակիի չենք գա»,- այնուամենայնիվ նկատել է նախագահը:
«Մեր ժողովրդի համար այդ վտանգներն առարկայական են դառնում երկու դեպքում: Առաջինը, երբ ադրբեջանցիները, այլ մեթոդ չունենալով, փորձում են հոխորտալ շատ „միլիտարիստական“ պահվածք դրսեւորելով: Եւ երկրորդ, երբ որոշ ուժեր փորձում են այդ հանգամանքը շահարկել»,- նկատել է Սերժ Սարգսյանն ու հավելել, թե չի կարող հասկանալ այն լրատվամիջոցներին, որոնք հարցեր են ուղղում, թե ո՞ր պաշտոնյան պատերազմի վերսկսման դեպքում կմասնակցի. «Դա մարդկային տեսակի հարց է: Վստահ եմ, որ ընդդիմության մեջ էլ կան մարդիկ, որոնք պատերազմի դեպքում կլինեն առաջին շարքերում, եւ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք ճողոպրելու են», ասել է ՀՀ նախագահը:




























