Հայաստան մուտք գործող գազի ջերմատվությունը պետք է չափել իրական ժամանակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր, տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Վերջին ամսվա ընթացքում պատգամավորը Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասնագետների հետ եղել է «ՀայՌուսգազարդի» ենթակառուցվածքային օբյեկտներում: Պարզվել է, որ համակարգում գազի այրման սահմանային ջերմությունը միատարր չէ եւ կարող է տատանվել 20-30 տոկոսի միջակայքում: «Խնդիրն այն է, որ չի ֆիքսվում, թե որ պահին ինչ կալորիականությամ գազ է մտնում մեր համակարգ»,-պարզաբանել է Այվազյանը:
Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջեւ ձեռք բերված «Հայաստանին մատակարարվող բնական գազի գնագոյացման կարգի մասին» պայմանագրի համաձայն` մինչեւ 2016թ Հայաստանի հանդեպ գազի կալորիականության վերաբերյալ ուղղված ցուցանիշներ չեն կիրառվելու:
«Լավ, մինչեւ 2016-ը նման խնդիր չի լինի: Իսկ հետո: Հարկավոր է սահմանել, թե ով է հետեւելու սինխրոն ռեժիմում գազի պարամետրերին: Թե չէ կստացվի, որ տարբեր բաժանորդներ տարբեր ջերմատվությամբ գազ են ստանալու»,-եզրափակել է Այվազյանը:





























