Ռուս ուղղափառ եկեղեցու Տոմսկի ներկայացուցչի սկանդալային հայտարարությունները նրան կարգից զրկելու պատճառ են դարձել: Ռուս ուղղափառ եկեղեցու Տոմսկի թեմական խորհուրդը միսիոներական բաժնի ղեկավար Մաքսիմ Ստեպանենկոյին ազատել է զբաղեցրած պաշտոնից: Վերջինս համացանցում անհարգալից էր արտահայտվել միայնակ մայրերի հասցեին:
Թեմի հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ նման կոպտությունն ու անտակտությունը, մարդկային արժանապատվությունը վիրավորելն անթույլատրելի է:
Մաքսիմ Ստեպանենկոն դեկտեմբերին արտամուսնական հարաբերությունների մասին հոդված էր հրապարակել համացանցում, որում առաջարկում էր միայնակ մայրերի համար կիրառել «Բ» տառով սկսվող անարգալից բառը, նաեւ նշել էր, որ առանց հայր մեծացած տղաները հիմնականում նույնասեռական են դառնում:
Երբ նշված հոդվածը լրատվամիջոցներում լայն քննարկման առարկա էր դարձել, դատախազությունը «Ռոսկոմնադզոր»-ին խնդրել էր քննել Ստեպանենկոյի արտահայտությունները, իսկ Տոմսկի թեմի ներկայացուցիչները հայտարարել էին, որ եկեղեցին դրանց համար ոչ մի պատասխանատվություն չի կրում, միաժամանակ ընդգծել էին, որ Ստեպանենկոն առաքելությունում իր աշխատանքը բարեխղճորեն է կատարում:
Միսիոներական բաժնի նոր ղեկավարն արդեն նշանակվել է:





























