Հայաստանն զգալի առաջընթաց է արձանագրել գլոբալ ճգնաժամի հաղթահարման եւ իր տնտեսության վերակողմնորոշման հարցերում, բայց մնում են կարեւոր մարտահրավերներ: Այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի հայտարարությունում, որը տարածվել է ԱՄՀ առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի Երեւան կատարած այցելության արդյունքում: Նա դեկտեմբերի 9-18-ն այցելել էր Երեւան՝ 38-ամսյա երկարաձգվող ֆինանսավորման հնարավոր նոր ծրագրի շուրջ քննարկումները շարունակելու նպատակով:

Առաքելությունը հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանի, ինչպես նաեւ կառավարության այլ բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային համայնքի եւ բանկային ու գործարար ոլորտների ներկայացուցիչների հետ:

Այցի ավարտին Հորթոնն արել է հետեւյալ հայտարարությունը. «Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել համաշխարհային ֆինանսական ճգնաժամից վերականգնվելու եւ իր տնտեսությունը վերակողմնորոշելու ուղղությամբ, սակայն էական մարտահրավերները պահպանվում են: Դրանց թվում են արձագանքը 2013 թ. աճի տեմպի դանդաղմանը, վերջին տարիների մասնավոր եւ օտարերկյա ուղղակի ցածր ներդրումներին եւ համեմատաբար բարձր աղքատությանն ու գործազրկությանը: 2009 թ. սկսած, այդ թվում՝ 2013 թ., ընթացիկ հաշվի պակասուրդը զգալի կրճատվել է, սակայն համեմատաբար բարձր է պահպանվում: Թեեւ կարեւոր առաջընթաց է գրանցվել կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ, այդ թվում՝ ֆինանսական հատվածում, կենսաթոշակային, սոցիալական նպաստների եւ քաղաքացիական ավիացիայի ոլորտներում, անհրաժեշտ են գործարար միջավայրի հետագա բարելավումներ` մրցակցությունը, մրցունակությունը եւ կապակցվածությունն ամրապնդելու համար: Նշված գործողությունները կօգնեն մասնավոր գործունեությունն ուղղել դեպի ներդրումներ եւ խթանել արտահանումը: Մյուս ոլորտներում, ինչպես օրինակ էներգետիկայի ոլորտում, անհրաժեշտ են ռիսկերի ավելի լավ գնահատմանը եւ զսպմանն ուղղված գործողություններ:

«Նոր ծրագրի նպատակը կլինի կայունության ամրապնդումն ու հետագա բարեփոխումների իրականացումը, որոնք կապահովեն Հայաստանի անցումը դեպի դինամիկ զարգացող շուկայական տնտեսություն: 2014 թ. բյուջեի պակասուրդը սպասվում է, որ կբարձրանա՝ հաշվի առնելով կապիտալ ծախսերի ավելացումն ու աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացումը: 2015 թ. սկսած ծրագրով կնպատակադրվի կապիտալ ծախսերի շարունակական աճ՝ բյուջեի պակասուրդի աստիճանական կրճատման հետ մեկտեղ: Ռիսկերի ավելի լավ վերլուծությունը, կարգապահության բարձրացումը, խաղի ավելի հավասար կանոնները եւ հարկային ճեղքվածքների վերացումը կապահովեն ավելի բարձր եկամուտներ`սոցիալական եւ ներդրումային կարիքների եւ պակասուրդի կրճատման համար: Դա պետական պարտքը կփոխադրի նվազման ուղի: Դրամավարկային եւ արտարժութային քաղաքականությունները կշարունակեն թիրախավորել ցածր գնաճն ու նպաստել արտաքին ճշգրտման ապահովմանը:

Հայաստանի կենտրոնական բանկն իր բուֆերները կպահպանի առողջ մակարդակում եւ կամրապնդի ցնցումներին դիմագրավելու իր կարողությունը: Ծրագիրը կաջակցի նաեւ ֆինանսական հատվածի խորացմանն ու գործարար միջավայրի հետագա բարելավմանն ուղղված միջոցառումների, այդ թվում՝ ամրապնդելով նշված ոլորտներում Հայաստանի իրավական դաշտը:

Ծրագիրը կնպատակադրի ներդրումների, արտահանման եւ աճի բարձրացումը եւ իր հերթին կօգնի աղքատության եւ գործազրկության կրճատմանը:

«Հիմնադրամի առաքելության թիմը եւ իշխանությունները զգալի առաջընթաց են արձանագրել 2014-2017 թթ. քաղաքականությունների եւ գործողությունների քննարկման ուղղությամբ, որոնց կսատարի հնարավոր նոր երկարաձգվող ֆինանսավորման ծրագիրը: Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում սպասվում են հետագա քննարկումներ»: