Ամանորից հետո Ուկրաինան կվերսկսի բանակցությունները ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքման հեռանկարների շուրջ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան:
«Բանակցությունների երկու փուլերն ընթացել են Բրյուսելում: Այսօր, ինչպես գիտեք, Եվրոպայում սկսվում են քաղաքական արձակուրդները՝ կապված Սուրբ Ծննդյան տոների հետ, իսկ տոներից հետո Ուկրաինան կվերսկսի ԵՄ-ի հետ ասոցացման շուրջ բանակցությունները»,-ասել է Կոժարան, հաղորդում է «Սեգոդնյան»:
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակը վստահություն էր հայտնել, որ ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչեւ 2014 թվականի ավարտը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի կառավարությունը նոյեմբերի 21-ին որոշել է դադարեցնել ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստման գործընթացը: Այդ որոշումից հետո երկրում զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում մինչ օրս:





























