ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգի բժշկական կենտրոնում նորածիններին սուրբծննդյան գուլպաների մեջ են տեղավորել:
Հատուկ նորածինների համար 16 կամավորներ 200-ից ավելի բրդյա գուլպաներ են կարել եւ հանձնել ծննդատանը:
Հաղորդվում է, որ 2013թ. դեկտեմբերին ծնված յուրաքանչյուր երեխա ստացել է իր գուլպան:
Ընդ որում՝ ծննդատնից երեխաներին դուրս գրելուց հետո սուրբծննդյան տակաշորերը մնում են ծնողների մոտ՝ որպես հիշատակ, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Պարզվել է, որ երեխաների տոնական «փաթեթավորման» ավանդույթը բուժհաստատությունում ի հայտ է եկել դեռ 1930-ականներին, սակայն ավելի ուշ դրանից հրաժարվել էին եւ այն վերածնել միայն 2000-ականներին:
Նշենք, որ սուրբծննդյան գուլպաները աշխարհի բազմաթիվ երկրներում տոնի ավանդական անբաժանելի մասն են: Սովորաբար դրանք կախում են բուխարու վերեւում՝ Սուրբ ծննդի օրը դրանց մեջ փոքրիկ նվերներ, մասնավորապես՝ քաղցրավենիք, գտնելու համար:




























