Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հստակ ասաց, որ կան հարցեր՝ կապված Հայաստանի` Մաքսային միության անդամակցության հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը։
Միեւնույն ժամանակ, նա չի կարծում, թե Ղազախստանն այդ պատճառով արգելք է դնելու Հայաստանի անդամակցությանը, բայց անընդհատ ընդգծելու է եւ այդ փաստարկն իր ձեռքն է ունենալու:
«Սա կապվում է Նազարբաեւի ոչ պակաս կարեւոր հայտարարության հետ, որ Ղազախստանը դեմ է, որ ՄՄ-ն դառնա քաղաքական կառույց: Այս միությունն ապագա ունենալ չի կարող: Մեծ արագությամբ Հայաստանի անդամակցելով` Ռուսաստանը հույս ունի այնտեղ ունենալ գործընկեր, դաշնակից` ընդդեմ Բելառուսի եւ Ղազախստանի: Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ այնտեղ ծավալվելու է ռուսական կայսրապետականության դեմ գործընթացներ, որոնք կարող են դառնալ լուրջ քաղաքական գործոններ, ուստի շտապում է իրավաբանական գործընթացը մինչեւ մայիսի 1-ն ավարտելու հետ։ Ես չեմ կարծում, որ մաքսակետեր կտեղադրվեն եւ Նազարբաեւն այդ հարցը սրությամբ կդնի»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Նա նաեւ նշեց, որ Արցախն այսօր շատ ծանր վիճակում է, հայտնվել է ռուսական կայսրության կազմում, այսինքն` այն կարգավիճակում, որում հայտնվել էր մինչեւ արցախյան շարժումը: «Արցախի անվտանգության երաշխավորը կարող էր լինել միայն ՀՀ-ն, բայց մենք կորցնում ենք այդ իրավիճակը: Կարեւորագույն պահ է մեր պատմության, ապագայի համար: Մենք հիմա Արցախի օգնության կարիքն ունենք, Արցախը պետք է նպաստի, որ Հայաստանը լինի անկախ պետություն, դա բխում է Արցախի շահերից»,- նշեց նա։





























