Մեր երեխաներն այս տարի էլ զգալի հաջողություններ արձանագրեցին հանրապետական ու միջազգային ամենատարբեր օլիմպիադաներում ու մրցույթներում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների հետ հանդիպման ժամանակ նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մատաղ սերնդի դաստիարակությանը, կրթության որակի ու պայմանների բարելավմանն ուղղված քաղաքապետարանի ծրագրերը լինելու են շարունակական: Ամփոփելով կրթական համակարգում իրականացված ծրագրերը՝ Երեւանի քաղաքապետն անցնող 2013 թվականը գնահատել է ձեռքբերումների տարի. «Ամանորի նախաշեմը եւս մեկ առիթ է խոսելու անցնող տարվա հաջողությունների ու ձեռքբերումների մասին: Եվ դրանք, իրականում, քիչ չեն: Ինչպես եւ խոստացել էինք, ջեռուցման խնդիրը լուծելուց հետո մեր ուշադրության կենտրոնում արդեն կրթական հաստատությունների նորոգումն ու հիմնանորոգումն է, գույքով ու տեխնիկական միջոցներով վերազինումը: Անցնող տարում մեր մանկապարտեզներում գույքի թարմացման աննախադեպ ծրագիր սկսեցինք, որը շարունակվելու է նաեւ 2014-ին: Ամեն դեպքում, ինչ հաջողության, ձեռքբերման մասին էլ որ խոսենք, դրանցում, անշուշտ առանցքայինը ձեր աշխատանքն է, սիրելի մանկավարժներ, ձեր սերն ու նվիրումը ընտրած մասնագիտությանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպված ընդունելության շրջանակում, մանկավարժության ոլորտում ձեռք բերած ակնառու հաջողությունների եւ բացառիկ ավանդի համար, Երեւանի քաղաքապետի որոշմամբ «Երեւան քաղաքի պատվավոր մանկավարժ» մեդալներով են պարգեւատրվել Երեւանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 138 հիմնական դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սիլվա Սարգսյանը, Երեւանի թիվ 35 մանկապարտեզի տնօրեն Ամալյա Ավդալյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական բաժնի պետ Նունե Սարգսյանը:
Երեխաների կրթության եւ դաստիարակության գործում ունեցած ներդրման համար համակարգի մի խումբ աշխատակիցներ էլ պարգեւատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Ընդունելության պաշտոնական մասի ավարտից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ, մտերմիկ մթնոլորտում շփվել է մանկավարժների հետ եւ մեկ անգամ եւս շնորհավորելով տոնի կապակցությամբ` մաղթել է, որ 2014 թվականը նրանց համար լինի առողջության, հաջողությունների ու նորանոր ձեռքբերումների տարի:





























