Ամանորին հարբած վարորդների հանդեպ ոչ մի ներողամտություն չի դրսեւորվի: Այս մասին հայտարարություն է տարածել ոստիկանությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Հարգելի հայրենակիցնե՛ր, առջեւում Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներն են, որոնք ավանդաբար անցկացնելու ենք բարձր տրամադրությամբ ու մեծ ակնկալիքներով:
Այս տարի էլ Ճանապարհային ոստիկանությունը եւ՛ Ամանորի գիշերը, եւ՛ հաջորդող օրերին ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրապետության բնակավայրերում ու ավտոճանապարհներին: Վիճակագրությունը փաստում է այդ ձեռնարկի արդյունավետությունն ու անհրաժեշտությունը. նախորդ երկու երկու ամանորյա տոներին ուժեղացված ծառայության շնորհիվ կտրուկ նվազել են ճանապարհային պատահարները, կրճատվել է վթարներից ու վրաերթերից տուժածների թիվը:
Հարգելի վարորդնե՛ր, ոգելից խմիչքի թեկուզ փոքր չափաբաժնից հետո ձեռնպահ մնացեք ավտոմեքենա վարելուց: Հարբած վարորդների հանդեպ ոչ մի ներողամտություն չի դրսեւորվի: Հիշե՛ք, որ տոնականության գրավականը երթեւեկության մասնակիցների ապահովությունն ու անվտանգությունն է, որի համար պատասխանատու եք: Ուշադիր ու զգոն եղեք երթեւեկելիս:
Հարգելի քաղաքացինե՛ր, երթեւեկության անվտանգության ապահովման գործում աջակցեք ոստիկանությանը, փոխադարձ հսկում ու քարոզչություն իրականացրեք:
Ոստիկանությունը հատկապես այս օրերին ամբողջ ծավալով եւ ամենայն խստությամբ կիրականացնի իր գործառույթները, սակայն ակնկալում ենք երթեւեկության բոլոր մասնակիցների բարձր իրավագիտակցություն՝ հիշեցնելով, որ կանոնները խախտելով՝ նախեւառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը:
Հարգելի համաքաղաքացինե՛ր, ոստիկանությունը հորդորում է խստիվ պահպանել անվտանգության կանոնները նաեւ տոնական հրավառություններ կազմակերպելիս:
Պայթուցիկ հրագործական միջոցների հետ վարվելու կանոնները չպահպանելու հետեւանքով դժբախտ պատահարները բացառելու, ինչպես եւ հասարակական կարգի եւ անվտանգության պահպանման նպատակով՝ քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գիշերային ժամերին՝ 23.00-ից մինչեւ 7.00-ն ընկած ժամանակահատվածում, հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է վարչական տուգանք՝ 100.000 դրամի չափով: Միեւնույն ժամանակ, ՀՀ կառավարության 2012 թ. օգոստոսի 9-ի համապատասխան որոշմամբ՝ Ամանորի կապակցությամբ թույլատրվում է հրավառություն կազմակերպել դեկտեմբերի 31-ի ժամը 23.00-ից մինչեւ հաջորդ օրվա ժամը 1.00-ն:
Ոստիկանույթունը վերստին հորդորում է խստագույնս պահպանել օրենքի պահանջը, իսկ կարգազանցները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
Հարգելի բարեկամնե՛ր, կրկին կոչ ենք անում պահպանել համակեցության կանոնները, դրսեւորել փոխադարձ հարգանք ու հանդուրժողականություն. հնարավոր պատահարներն ու դժբախտ դեպքերը բացառելով՝ իսկապես տոն դարձնենք նոր տարվա գալուստը:
Ոստիկանությունը շնորհավորում է ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում ամենայն բարիք, բարօրություն ու երջանկություն»:





























