Հայաստանը 10,1 մլն դրամ (22 հազ. դոլար)  դոլար կհատկացնի  ՄԱԿ-ի զարգացման  ծրագրի  (UNDP) առեւտրի աջակցության ծրագրին: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 26-ի նիստում:

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ներկայացնելով որոշման նախագիծը,  հայտնել է, որ ծրագիրը UNDP-ի տարածաշրջանային «Աջակցություն առեւտրին` Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի եւ Արեւմտյան ԱՊՀ երկրների համար (Հայաստան)» ծրագրի մաս կդառնա:  Ծրագրում կառավարության ֆինանսավորումը կկազմի 10%: Ծրագիրը կառավարությանը եւ Հայաստանի մասնավոր հատվածին աջակցող բնույթ կկրի:

2012-2013թթ. ծրագրի շրջանակում, մասնավորապես, աջակցություն է ցուցաբերվել Տավուշի մարզի ոչ խոշոր գյուղատնտեսներին:  Աջակցություն են ստացել չրերի 14 արտադրողներ  (այդ թվում՝ Ադրբեջանին սահմանակից Բերքաբեր գյուղում), իսկ Պտղավան եւ Տավուշ գյուղերում 29 ջերմատուն է կառուցվել՝ կաթիլային  ոռոգման համակարգով: