ԱՄՆ-ի Այովա նահանգի համալսարանի պրոֆեսոր Դոնգ Փայ Հանը կեղծել է ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի ստեղծման լաբորատոր տվյալները` ԱՄՆ-ի կառավարությունից 19 միլիոն դոլարի դրամաշնորհ ստանալու նպատակով, հայտնել է New York Post թերթը:
Հանը նապաստակի շիճուկում մարդու արյան նմուշ է հավելել` ՁԻԱՀ առաջացնող ՄԻԱՎ-ի հակամարմիններով: Այդպիսով տպավորություն էր ստեղծվել, որ նապաստակի արյամբ պատվաստանյութը կարող է պաշտպանական մեխանիզմներ մշակել ՄԻԱՎ-ի դեմ պայքարելու համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հանի եւ նրա թիմի կեղծած տվյալները հրապարակվել էին 2010-2012թթ. մի քանի բժշկական ամսագրերում եւ գրավել գիտական հանրության ուշադրությունը: Պարզվել է, որ Հանի գործընկերները չեն իմացել, որ հետազոտության արդյունքները կեղծվել են: Իրենց աշխատանքը շարունակելու համար գիտնականները ԱՄՆ-ի դաշնային կառավարությունից ստացել էին 19 միլիոն դոլար:
Խաբեությունը բացահայտվել է, երբ միանգամից մի քանի լաբորատորիաներ անհաջող փորձել էին կրկնել Հանի թիմի ստացած միջոցը: Արդյունքում նապաստակի շիճուկը ստուգվել էր, եւ դրանում մարդկային հակամարմիններ էին հայտնաբերվել: Հանը ստիպված էր խոստովանել, որ կեղծել է հետազոտության արդյունքները:





























