Ղըրղզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հանդես է եկել երկրում ՄԱԿ-ի խաղաղարար ուժեր մտցնելու օգտին, թույլ չտալու զանգվածային անկարգությունների կրկնությունը: Այդ մասին Բակիեւը հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում: Նախագահի խոսքով, ոստիկանությունն ու բանակը չեն կարող կարգ հաստատել երկրում անկարգությունների վերսկսման դեպքում:
Ղըրղզստանի նախագահը նաեւ առարկել է ապրիլի 7-ի դեպքերի հետաքննության միջազգային հանձնաժողով ստեղծելու առնչությամբ: «Հետաքննությանը, որ ընթանում է այսօր, ես չեմ վստահում, այն միակողմանի է, եւ ամեն ինչ բարդելու են իմ վրա»,- հայտարարել է Բակիեւը: Նա պատրաստակամություն է հայտնել պատասխանատվություն կրել, եթե միջազգային հանձնաժողովը ճանաչի իր մեղքն անկարգությունների մեջ:
Միեւնույն ժամանակ Ղըրղզստանի ժամանակավոր կառավարության ներկայացուցիչ Էդիլ Բայսալովը հերքել է տեղեկությունը, թե Բակիեւին ձերբակալելու սանկցիա է տրվել: Այդ տեղեկությունը հայտնվել էր տեղական մի շարք ԶԼՄ-ներում: «Նոր կառավարությունը պատասխանատվություն է զգում Բակիեւի անվտանգության համար եւ պատրաստ է նրան ապահովել ինքնադատաստանի կամ կյանքին սպառնացող իրական վտանգի դեպքում»,- ասել է Բայսալովը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Բակիեւը ստիպված էր լքել Բիշքեկը անկարգություններից հետո եւ այժմ գտնվում է Ջալալաբադի շրջանում: Ղըրղզստանում արդեն քր. գործեր են հարուցվել Բակիեւի մտերիմ զինակիցների եւ հարազատների դեմ, այդ թվում՝ նրա որդիների եւ եղբոր:




























