2013թ.-ի դեկտեմբերին Clearstream Deutsche Börse Group-ի Clearstream Banking Luxemburg-ում բացված արժեթղթերի անվանատիրոջ հաշվի ներքո Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան ապահովում է արտասահմանյան արժեթղթերով գործարքների հաշվառումը, վերջնահաշվարկը եւ սպասարկումը Հայաստանում:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի փոխանցմամբ, Clearstream Deutsche Börse Group-ի հետ կապի ներդրման շնորհիվ հայկական ներդրողներին հնարավորություն է ընձեռվում նեդրումներ կատարել աշխարհի զարգացած եւ զարգացող 53 շուկաների արժեթղթերում՝ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի միջոցով ապահովելով արժեթղթերով կնքվող գործարքների սպասարկումը, արժեթղթերի հաշվառումը եւ պահառությունը, ինչպես նաեւ արտասահմանյան արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը:

«Այս ձեռքբերումը թույլ կտա Հայաստանում շրջանառել արտասահմանյան արժեթղթերը, մասնավորապես, հայկական եվրոպարտատոմսերը՝ վերջիններս հասանելի դարձնելով հայաստանյան ներդրողների համար: Բացի այդ, արտասահմանյան արժեթղթերում ներդրումներ կատարելու գործընթացում արժեթղթերի պահառությունը տարանջատված է լինելու բրոքերային գործառնությունից, ինչը նպաստելու է ռիսկերի նվազմանը, ինչպես նաեւ ներդրողի եւ բրոքերի միջեւ հնարավոր շահերի բախման վերացմանը»,- նշել է Հայաստանի Կենտրանական Դեպոզիտարիայի Տնօրեն Վահան Ստեփանյանը: