Մինչեւ տարեվերջ Հայաստանում  պատրաստ կլինեն երկու նոր ջրամբարների տեխնիկա-տնտեսական հիմնավորումները:  Այս մասին հունվարի 14-ին լրագրողներին ասել է Ջրային տնտեսության  պետական կոմիտեի ԾԻԳ-ի տնօրեն  Ադիբեկ Ղազարյանը:

Պատրաստվում են Եղվարդի կիսակառույց ջրամբարի եւ Վեդիի նոր ջրամբարի տեխնիկա-տնտեսական հիմնավորումները:

Նախնական գնահատմամբ՝ առաջինի շինարարության համար 140 մլն դոլար կպահանջվի, երկրորդի համար՝ 35-45 մլն: Եվս մեկ կիսակառույց ջրամբարի՝ Շիրակի մարզի Կապսի ջրամբարի  համար կպահանջվի 40-50 մլն դոլար:

Նշենք, Եղվարդի ջրամբարի շինարարության ֆինանսավորման բանակցություններ են տարվել Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալության (JCA), Գերմանիայի զարգացման բանկի (KfW), Վեդիի  ջրամբարի համար՝ ֆրանսիական զարգացման գործակալության (AFD) հետ:

Ղազարյանի խոսքով՝ մի քանի տարի առաջ միջազգային մասնագետները Հայաստանի ոռոգման համակարգի զարգացման ֆինանսական պահանջները 800 մլն դոլար էին գնահատել՝ հաշվի առնելով ընթացիկ գները:

Բայց մենք հաջող բանակցություններ ենք վարում դոնորների հետ, որոնցից շատերը մեզ հետ առաջին անգամ չեն աշխատում: Այսպես, Համաշխարհային բանկը ոռոգման ոլորտում արդեն 160 մլն դոլար է ներդրել», – նշել է Ղազարյանը:

Նշենք, հանրապետության կադաստրի տվյալով՝ Հայաստանում 208 հազար ոռոգվող հողատարածք կա: