Հայաստանի փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր՝ հունվարի 14-ին, ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին եւ նրա հետ քննարկելի երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
ՏԿՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեսպանը Քուվեյթի նոր կառավարության անունից երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու պատրաստակամություն է հայտնել` նշելով, որ նոր կառավարությունը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդմանը:
Նա տեղեկացրել է, որ կառավարության փոփոխության հետ կապված` քուվեյթական կողմն առաջարկում է որոշակի ժամկետով հետաձգել միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի անցկացումը: Միաժամանակ ընդգծվել է այս տարվա ընթացքում նիստի անցկացման անհրաժեշտությունը, ինչը կարեւոր է համարվել երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ նախանշված ծրագրերի իրականացման տեսակետից:
Փոխվարչապետն իր հերթին վստահություն է հայտնել, որ Քուվեյթի նոր կառավարության հետ կշարունակվի եւ կընդլայնվի վերջին տարիներին երկու երկրների միջեւ ձեւավորված արդյունավետ փոխգործակցությունը, եւ նախանշված բոլոր աշխատանքներն ու ծրագրերը կյանքի կկոչվեն:




























