Կենսաթոշակային բարեփոխման դեմ պայքարը բացառապես տնտեսական բնույթի է: Այս մասին հունվարի 14-ին լրագրողներին ասել է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանը: Թեեւ դրան միացել են խորհրդարանական ոչ կոալիցիոն 4 ուժեր, այն պետք չէ բացառապես քաղաքական հարթություն տեղափոխել, հավելել է նա:
Ու թեեւ քաղաքացիական հասարակության եւ քաղաքական ուժերի համագործակցությունը շատ կարեւոր է (պատահական չէ, որ կենսաթոշակային բարեփոխման դեմ բողոքը ՍԴ հենց պատգամավորներն են ներկայացրել), այնուամենայնիվ, հիմնական դերը պայքարում պետք է ունենան հենց քաղաքացիները, հավելել է նա:
Հարցը, թե ինչ են անելու նախաձեռնության ներկայացուցիչները հունվարի 18-ի հանրահավաքում, վերջնականապես որոշված չէ, բայց կարեւորը, ըստ Խաժակյանի, համախմբվածությունն է, որը կուսակցական գաղափարաբանություն չգիտի, ինչը Հայաստանում վերջին տարիների համար աննախադեպ է:
Հարցին, թե չի անհանգստանում, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությանը կարող են օգտագործել քաղաքական գործիչները, Խաժակյանը նշել է, որ իրենք հստակ նպատակ ունեն՝ կանգնեցնել «Կենսաթոշակային կուտակային համակարգի մասին» օրենքի գործունեությունը եւ վերջ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am




























