Հունվարի 18-ին Ազատության հրապարակից «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաք-երթին մասնակցելու են նաև արմավիրցի երիտասարդները: Այս մասին NEWS.am-ին ասաց ԵՊՀ ռադիոֆիզիկայի 4-րդ կուրսի ուսանող, արմավիրցի Ազատ Մկրտչյանը։

«Ես տասը ընկերներիս հետ, որոնք նույնպես Արմավիրից են, մասնակցելու եմ երթին, որովհետև մեր իրավունքների խախտում է` առանց մեր կարծիքը հարցնելու պահումներ կատարել մեր աշխատավարձերից»,-ասաց Ազատը` նշելով, որ չնայած ինքը հիմա չի աշխատում, բայց պայքարելու է, որ հետագայում, իր աշխատավարձից ևս պահումներ չկատարվեն:

ԵՊՀ ուսանողը նշեց, որ տեղեկություն չունի հավաքին մասնակցելու նպատակով այլ մարզերից Երեւան եկող երիտասարդների մասին, բայց տեղյակ է, որ մայրաքաղաքում սովորող մարզերի ուսանողները նույնպես լինելու են Ազատությն հրապարակում։ 

Կապանում գործող «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը NEWS.am-ին ասաց, որ Կապան քաղաքից չեն մասնակցելու Երևանում «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» հունվարի 18-ի հավաք-երթին, սակայն շարունակելու են բողոքի ակցիաներ անցկացնել Կապանում:

Հիշեցնենք, որ հունվարի 18-ին 4 ոչ իշխանական ուժերի մասնակցությամբ Հանրապետության հրապարակում հանրահավաք կանցկացվի ընդդեմ կուտակային կենսաթոշակների օրենքի:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ 2014թ. հուվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ-ը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ:

«Ընդդեմ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգի» քաղաքացիական նախաձեռնության ֆեյսբուքյան էջում նախաձեռնության անդամները նշել են, որ հավաք-երթի նպատակն է ևս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին, ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին իրենց համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը և ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը: