Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչի դեմ պայքարին միացած կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը կարծում է, որ ոչ թե ժողովուրդը պետք է գնա հայտնի դեմքերի հետևից, այլ իրենք պետք է լինեն ժողովրդի կողքին ու գնան նրանց հետևից:

«Հայաստանում իշխող զավթիչ համակարգի արտահայտություններից մեկը նաև այս խայտառակությունն է: Ես բարձր եմ գնահատում այն, որ ժողովուրդը անտարբեր չէ և ընդվզում է, և ես պարտավորվում եմ լինել այնտեղ, որտեղ կա ընդվզում, դիմադրություն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց կինոռեժիսորը:

Անդրադառնալով հունվարի 18-ին կայանալիք հավաք-երթին՝ «Նախախորհրդարանի» անդամն ասաց, որ իրենք՝ «Նախախորհրդարանի» կազմով, քննարկում են երթին մասնակցելու ձևաչափը. «Մենք նախ պետք է հասկանանք, թե ինչ է դա լինելու: Թիրախը պետք է լինի համակարգը: Մենք ուրախ ենք, որ այդ դաշտում միասնության նկրտումներ են երևում, և այս օրերին հավաքվելու ենք՝ ճշտելու մեր վերաբերմունքն ու մասնակցության կոնկրետ ձևաչափը»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Դ!եմ ենք պարտադիր կենսաթոշակայինին» քաղաքացիական շարժմանը միացել են շոու բիզնեսի, կինոյի եւ ռադիո ոլորտի ներկայացուցիչներ: Նրանց թվում են ռադիո եւ հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը, դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը, ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադեւոսյանն ու կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: